Մենք՝ պատասխանատու քաղաքացիներս, ստեղծելով ինքնաբավ ուժ, դուրս ենք գալիս այսօրվա անպատասխանատու քաղաքական համակարգի դեմ՝ հայտարարելով, որ չենք համագործակցելու ոչ մի նախկին, ներկա կամ բացակա քաղաքական ուժի հետ
Ինքներս մեզ վրա հույս դնելու ու պատասխանատվություն կրելու քաղաքականություն
Ստանդարտ՝ կրկնօրինակված ու պահպանողական ծրագրերի փոխարեն, փնտրել ոչ կոնվենցիոն լուծումներ, կոնկրետ մեր իրավիճակի համար։
Հասարակական և մասնավոր հատվածներին և սփյուռքին իրական լծակներով ինտեգրել պետական կառավարման ու քաղաքականություն մշակման մեջ
Մեր պետության ու հասարակական կյանքի բնույթը որոշող խնդիրները
Անվտանգային սպառնալիքներին դիմակայելու քաղաքական կամքի ու մտքի բացակայություն, անվստահություն ընդհանուր անվտանգային համակարգի նկատմամբ։
Մեր երկրի անվտանգության համակարգը կառուցված է հին մոդելների և ռեակտիվ մոտեցումների վրա։ Բացակայում է երկարաժամկետ ռազմավարական մտածողությունը, որը կարող է կանխատեսել և կանխարգելել վտանգները՝ նախքան դրանք իրական սպառնալիք կդառնան։
Անարդյունավետ պետական ինստիտուտներ, որոնք ունակ չեն առաջարկել համակարգային, պրոֆեսիոնալ և երկարաժամկետ լուծումներ։
Մեր պետական կառույցները հաճախ գործում են բյուրոկրատիայի և ձևականության սկզբունքներով։ Անտեսելով և չգիտակցելով այդ ինսիտուտների առջև դրված իրական նպատակները։
Ուրիշների խոստումների, ուժեղանալու կամ թուլանալու վրա կառուցված անհեռատես քաղաքականություն։
Մեր արտաքին քաղաքականությունը հաճախ հիմնված է այլ երկրների հույսերի և խոստումների վրա, քան սեփական ուժի և հնարավորությունների ճիշտ գնահատման վրա։ Մենք չունենք հստակ ձևակերպված ազգային շահեր և չենք մշակում անկախ ռազմավարություններ դրանց իրականացման համար։
Ներազգային թշնամանքի, միմյանց նկատմամբ ատելության շարունակական սերմանում և բևեռացման խորացում, ինչպիսի իրավիճակը ստեղծում է արագ խորացող խնդիրներ կյանքի բոլոր ասպեկտներում։
Հասարակությունը բաժանված է ճամբարների, որտեղ յուրաքանչյուր կողմ տեսնում է միայն իր ճշմարտությունը։ Այս բևեռացումը խանգարում է կառուցողական երկխոսությանը և համագործակցությանը, ինչն անհրաժեշտ է երկրի զարգացման համար։ Ատելության մթնոլորտը օգտագործվում է որպես քաղաքական գործիք՝ շեղելու ուշադրությունը իրական խնդիրներից։
Մենք ստեղծելու ենք պետություն, որտեղ...
Խաղաղությունը կլինի պարտադրված մեր կամքով և հնարավորություններով, ինչպես նաև հարևանների հետ խաղաղ համակեցության տեսիլով։ Իրական անվտանգությունը հասնելի է միայն ուժի և դիվանագիտության ճիշտ համադրմամբ։
Կձևավորվի պատասխանատվություն կրելու, ինքներս մեզ վրա հույս դնելու ներքին և արտաքին քաղաքականություն։ Մեր խնդիրներին մենք պետք է գտնենք լուծումներ, վերցնենք պատասխանատվությունը և կրենք դրա հետևանքները։
Մենք կփնտրենք, կգտնենք ու կհնարենք նորարարական, ասիմետրիկ ծրագրեր՝ թռիչքաձև զարգացման նախադրյալներ ստեղծելու և ապահվելու համար։ Փոքր երկիրը չի կարող մրցել մեծ երկրների հետ նույն խաղադաշտում։ Մենք պետք է գտնենք այն ոլորտները, որտեղ մենք կարող ենք խաղադաշտել ստեղծել կամ ազդել կաննոների վրա։
Կունենանք թափանցիկ կառավարում՝ առանց անհարկի գաղտնիության, կձևավորենք ազնիվ, բաց և հասկանալի քաղաքական միջավայր։ Յուրաքանչյուր քաղաքացի պետք է իմանա՝ ինչպես են ծախսվում հարկերը, ով ինչ որոշումներ է կայացնում և ինչու։ Թափանցիկությունը ստեղծում է վստահություն, վստահությունը՝ համագործակցություն, իսկ համագործակցությունը՝ ուժեղ հասարակություն։
Կապահովենք որակ և գերազանցություն ամեն քայլում։ Գերազանցությունը սեփական սխալներից դասեր քաղելն է, շարունակական զարգացումը և անընդհատ առաջընթացը։
Մենք Հայաստանի Հանրապետության պատասխանատու քաղաքացիներ ենք։ Մենք մեր պետությանը տվել ենք հնարավորն ու երբեմն անհնարինը՝ անկախ իշխանություններից ու նրանց քարոզչությունից։ Արել ենք, որովհետև հավատացած ենք եղել, որ պետությունն ունի մեր կարիքը, և արել ենք, որովհետև պարտավոր էինք անել։ Սակայն անկախ մեր ներդրած ջանքերից՝ լինի դա հարկեր վճարելը, պատերազմ գնալը, թե լավ մասնագետ լինելը, մեր բոլոր իշխանությունները կանգնեցրել են մեզ կոտրած տաշտի առաջ ու հիասթափեցրել։
Նրանք շարունակ մոլորեցրել են մեզ՝ վախեցնելով արտաքին ու ներքին թշնամիներով, իրարամերժ տեղեկություններով շեղել են մեր ուշադրությունը՝ մեզ հեռացնելով իրական խնդիրների գիտակցումից։ Այս ազդեցության պատճառով իրականության մասին մեր պատկերացումը դարձել է մշուշոտ՝ մեզ մղելով անտարբերության։ Եվ չնայած մենք պատասխանատվությամբ ու նվիրումով ենք արձագանքել հանուն պետության գործելու ամեն իրավիճակի, այդուհանդերձ պետական ծրագրերի ձախողումների իրական պատասխանատուները սկսել են մեզ վրա բարդել նաև իրենց բաժին պատասխանատվությունը՝ անլուրջ արդարացումներով ու բառախաղերով խմբագրելով իրականությունը։
Չխուսափելով մեզ բաժին ընկնող պատասխանատվությունից՝ հայտարարում ենք՝ այլևս չենք պատրաստվում հանդուրժել նման իշխանությունների հերթափոխը։ Մենք չենք պատրաստվում այս մարտահրավերներով ու հնարավորություններով խառը աշխարհում ապագային պատրաստվելու գործը կրկին վստահել անպատասխանատու, անլուրջ ու ստախոս մարդկանց։
Մենք արձանագրում ենք, որ անպատասխանատվության անփոփոխ վարքագծի շուրջ այս լուռ համաձայնությունն առաջացրել է մեր պետության ու հասարակական կյանքի բնույթը որոշող մի շարք բարդ խնդիրներ։ Այս խնդիրները շուտափույթ չլուծելու դեպքում մենք ամեն օր ավելի ենք հեռանալու արժանապատիվ ապագա ունենալու հեռանկարից, մեր միջև անվստահությունն ավելի է խորանալու և այսօրվա մեր անտարբերությունը մեր սերունդների ուսերին ավելի մեծ բեռ է դնելու։
Բայց մենք հավատացած ենք, որ այդ խնդիրների լուծման դեպքում կունենանք պետություն, որտեղ խաղաղությունը կլինի պարտադրված մեր կամքով և հնարավորություններով, ինչպես նաև հարևանների հետ խաղաղ համակեցության տեսլականով։ Կձևավորվի պատասխանատվություն կրելու, ինքներս մեզ վրա հույս դնելու ներքին և արտաքին քաղաքականություն։ Մենք կփնտրենք, կգտնենք ու կհնարենք նորարարական, ասիմետրիկ ծրագրեր՝ թռիչքաձև զարգացման նախադրյալներ ստեղծելու և ապահվելու համար։ Կունենանք թափանցիկ կառավարում՝ առանց անհարկի գաղտնիության, կձևավորենք ազնիվ, բաց և հասկանալի քաղաքական միջավայր։ Կապահովենք որակ և գերազանցություն ամեն քայլում՝ ոչ միայն գործընթացներ իրականացնելու իմիտացիայի, ինչպես հատուկ է բյուրոկրատիային, այլ խնդիրներն արմատապես լուծելու համար։
Միաժամանակ, մենք գիտակցում ենք, որ մեր առջև ծառացած խնդիրները լուծելը, ինչպես նաև մեր պատկերացրած վերջնարդյունքներին հասնելը հեշտ չէ։ Այդ գործում միայն խոսքերն ու ամպագոռգոռ հայտարարությունները բավարար չեն։ Մեր նախանշած փոփոխություններին հասնելու համար պետք է քաղաքացիական բարձր գիտակցություն ու աջակցություն ամեն քաղաքացուց։ Այդ գիտակցումով ու տրամաբանությամբ մենք կկարողանանք հանձն առնել ամբողջ պետական կառավարման համակարգի վերափոխումը՝ այնտեղ սերտորեն ինտեգրելով մասնավոր ու հասարակական կառույցներին՝ նրանց իրական լծակներ և գործիքներ տալու մեթոդով։ Վերոնշյալի արդյունքում մենք կկարողանանք ի շահ պետության օգտագործել մեր երկրի լավագույն մասնագետների ներուժը, նրանց միտքն ու փորձը, ինչպես նաև ռեֆորմներ անելու նրանց քաղաքական կամքը՝ առանց նրանց իրենց լավագույն ստեղծագործական միջավայրից՝ ազատ շուկայից կտրելու։
Այսպիսով, մենք դուրս ենք գալիս այս անպատասխանատու, կեղծ ու ճահճացած համակարգի դեմ՝ հանուն հռչակած տեսիլի ու նպատակների։ Հայտարարում ենք, որ այս ճանապարհին մենք չենք համագործակցելու, չենք սատարելու ոչ մի քաղաքական ուժի, քանզի համարում ենք, որ մենք դրա կարիքը չունենք։ Եվ «հանուն միասնության» թեկուզ փոքր աջակցությունը մեզ դարձնելու է նույն համակարգի մասը, որի դեմ դուրս ենք եկել պայաքարելու։
Երևան, 18 հոկտեմբերի, 2025թ.
Այս ընտրություններին մեր նպատակը այս համակարգին կարմիր քարտ ցույց տալու մանդատ ստանալն է
Մենք հանրությանը հայտնի մարդիկ չենք․ տարբեր մասնագիտությունների տեր սովորական, պատասխանատու քաղաքացիներ ենք` ծրագրավորողներ, պատերազմի մասնակիցներ, հասարակական ու քաղաքական գործիչներ, որոնք որոշել են ակտիվ մասնակցություն ունենալ մեր երկրի ապագայի ձևավորման գործում։
Մենք սովորել ենք, թե ինչպիսի հետեւանքներ են բերում «ամեն ինչն զրոյից սկսելու» նարցիստական մղումները։ Մենք նպատակ ունենք կիրառել մեր գաղափարները՝ հիմնվելով ինքնուրույնության վրա և գործի դնել ասիմետրիկ ռազմավարություններ, որպեսզի Հայաստանը կարողանա պատվով հաղթահարել փոփոխվող աշխարհի մարտահրավերները։
Պետության ուղղակի պարտավորությունն է ամեն գնով իր քաղաքացիներին պաշտպանելը։ Ուստի յուրաքանչյուր կառավարություն պարտավոր է այդ ուղղությամբ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քալերը։ Կառավարություն ձևավորելու պարագայում մենք նախ և առաջ կփորձենք ադրբեջանցի գրրծընկերների հետ երկխոսությամբ կանխել ցանկացած ագրեսիա։ Սակայն որևէ երկրի կողմից Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անվտանգության ուղղությամբ իրականացված հարձակումները պետք է ստանան համարժեք պատասխան։ Մենք պատրաստ ենք կրել այդ իրավիճակի որոշումների ամբողջ պատասխանատվությունը։
Մենք անկախ շարժում ենք և ոչ մի կապ չունենք նախկին կամ ներկա, բացակա կամ «նոր» ցանկացած քաղաքական ուժի հետ։
Մենք չենք համագործակցելու որևէ քաղաքական ուժի հետ, որն այս կամ այն կերպ կապված է այս համակարգի եւ դրա ստեղծած կանոնների հետ։ Եթե կան անհատներ կամ խմբեր, որոնք չեն կրում տարիներով ձևավորված քաղաքական մշակույթը եւ «բոլորին դեմ են», պետք է միանան մեզ։
2018 թվականի ժողովրդական ընդվզումը Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի սեփականությունը չէ։ Մենք ևս, արձագանքելով եղած համակարգի խորքային թերություններին և այդ համակարգի վերարտադրման հավանականությանը, դուրս ենք եկել այն փոխելու հավատով։ Այդ հավատը վերածվել է արդարացի հիասթափության, բայց դա չի նշանակում, որ փոփոխություն բերելու ամեն հնարավորություն պետք է կորցնենք մեր վախերի պատճառով։ Հեղափոխություն պետք է լիներ, բայց այսօր եղած խնդիրները ուղղակիորեն կապված չեն դրա հետ։ Ավելին, հեղափոխության արդյունքները վերջնականացված չեն և մեր՝ որպես հանրություն անելիքներն ու պատասխանատվությունը սպառնված չեն։ Փոփոխության ամենակարևոր բաղադրիչն անխախտ ընթացքն է։ Եւ մենք վճռական ենք ընթանալ այդ ճանապարհով։
Մենք անկախ շարժում ենք, որը չի ֆինանսավորվում և չի կառավարվում որևէ արտաքին ուժի կողմից։ Մեր ֆինանսական միջոցները գոյանում են միմիայն հանրային աջակցությունից։
Մեզ հետ կարող եք կապ հաստատել barev@bolorindem.am էլեկտրոնային փոստի միջոցով կամ +374 00 00 00 հեռախոսահամարով։
«ԲՈԼՈՐԻՆ ԴԵՄ ԵՄ» գրվում է մեծատառերով։ Սա բարձրաձայն հայտարարություն է՝ մենք հոգնել ենք, բայց չենք համակերպվում։
Կարմիր գույնը (#cc0000) ընտրված է որպես համարձակության, գործողության և դիմադրության խորհրդանիշ։ Այս հագեցած երանգն առանց ագրեսիայի անմիջապես գրավում է ուշադրությունը՝ ներկայացնելով համակարգը փոխելու մեր վճռականությունը։
Մինիմալիստական դիզայնը արտացոլում է թափանցիկության և պարզության մեր սկզբունքը։